SASUN TOSUNYAN`S BLOG

Saturday, November 23, 2013

Մարդիկ մի տեսակ շտապում են ապրել: Հ. Խառատյան


Առավոտյան լուր ստացա՝ լավ ծանոթիս հայրն է մահացել: Շատ ցավալի մահ: Առավոտյան լուրերը կարդալիս տեղեկացա Մյասնիկյանի պողոտայի ավտովթարի զոհերի՝ մահացած դերասանի և վիրավորված երիտասարդ աղջկա մասին: Հետո հանկարծ «արթնացա»՝ երեկվանից մահվան բոթեր են: Մեկը մյուսից ահավոր: Մեկ ավտովթարից մահացել են երկու երիտասարդ մարդ, ծանր վիրահատություն է տարել մեկը, ևս երեքը հիվանդանոցում են: Աղջիկը՝ կոմայի մեջ: Քանիսի մասին էլ տեղեկություն չունենք: Բացի այն, որ յուրաքանչյուրի մահը մի ամբողջ աշխարհի մահ է, յուրաքանչյուր մարող մահ մի մարող աշխարհ է, յուրաքանչյուրի մահը նաև նրանց սիրող մարդկանց ապրող կյանքերի աղճատում է, վիշտ, կսկիծ, մեղքի զգացում, տառապանք նրանց չապրած տարիների համար, նրանց մահը նաև մեր երկրի աղքատացումն է, մեր հասարակության ուժերի ջլատումը, մեր երկրի աշխարհների նվազումը… Ավտովթարները դարձել են մեր քաղաքացիներին լափող հրեշներ… Եվ սա սիմպտոմատիկ է: Մի կողմից «շտապող կյանքի» անխոհեմությունն է, մյուս կողմից՝ մարդն ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում, երրորդ կողմից՝ տեխնիկան դադարել է վտանգի զգացում հարուցել, ավելացել է չարդարացված ինքնավստահությունը և այլն… Բայց, չգիտես ինչու, ինձ չի լքում այն զգացումը, որ այս ամենի մեջ ամենակարևորը կյանքի կարևորության զգացման նվազումն է: Մարդիկ մի տեսակ շտապում են ապրել – վերջացնել իրենց բաժին ընկած կյանքը: Դանդաղ ապրելու հնարավորություն, ժամանակ ու ճաշակ չի մնացել: Մահն էժանացել է… Այսպես է լինում մեծ հիասթափությունների, մեծ նվաստացումների ու սպառնալի դաժանությունների դեպքում… Ափսոս, հազար ափսոս չապրվելիք տարիների համար, որոնք, գուցե, մեր բոլորիս կորուստն են, ցավ՝ կենդանի կյանքից թերևս անէություն անցնելու համար, ապրողաց՝ մխիթարություն: Եվ այսպես համարյա ամեն օր: Հրանուշ Խառատյան

No comments:

Post a Comment