SASUN TOSUNYAN`S BLOG

Saturday, December 28, 2013

Նոր Տարին ձիո՞ւ տարի…


Նոր տարին այն եզակի տոներից մեկն է, որին սպասում է ողջ աշխարհը: Ամբողջ երկրով մեկ այն երևի թե ամենաշքեղ և մեծ աշխուժությամբ նշվող տոնն է: Նոր տարին հիշարժան է այնքանով, որ ասոցացվում է նոր սկզբի հետ. նոր կյանք, նոր մոտեցումներ, նոր հույսեր և այլն: Հենց այս գաղափարն է դրդում մարդկանց ունենալ յուրահատուկ վերաբերմունք դեկտեմբերի 31-ի գիշերվա հանդեպ: Այս գեղեցիկ գիշերվա հետ կապված բազմաթիվ առասպելներ և հեքիաթներ կան: Մարդիկ անգամ երազանք են պահում այդ օրը և հավատում, որ այն իրականանալու է: Իհարկե, այս ամենը գուցե գեղեցիկ և անվնաս մի բան է, սակայն այն, ինչ գտնում ես համացանցում, երբ որոնում ես «Նոր տարի» բառակապակցությունը, պարզապես ապշեցնում է: «2014 թվականին ձին հաջողություն կբերի, ձին նախընտրում է սա, նա…»… Ակամայից հարց է ծագում՝ այդ ինչպե՞ս է, որ քրիստոնյա երկրում հավատում են չինական կենդանակերպին: Մեր հասարակությունը միգուցե համակերպվել է, որ 206 թվականին Չինաստանի Չժոու դինաստիայի կողմից ստեղծված և օգտագործված հորոսկոպն այսօր կիրառելի է հայ հասարակության կողմից, բայց կան մարդիկ, որ պատրաստ են ընդվզել օտարածին և քրիստոնեությունից հեռու երևույթների դեմ: S.Tosunyan

Wednesday, December 25, 2013

Այսօր` դեկտեմբերի 25-ին ողջ Եվրոպան տոնում է Քրիստոսի Ծնունդը


Ըստ Գրիգորյան օրացույցի՝ այսօր Սուրբ Ծնունդ է: Այս օրը բազում մարդիկ տոնում են համայն մարդկության պատմության կարևորագույն Անձի՝ Հիսուս Քրիստոսի ծնունդը: Այսօր ժամանակ տրամադրե՛ք Աստծուն գոհություն հայտնելու այն ամենի համար, ինչ Նա արել է ձեր կյանքում: Սուրբ Ծնունդը Եվրոպայում սկսում են նշել դեկտեմբերի 24-ի գիշերից սկսած: Այդ երեկո, ըստ ավանդույթի, մարդիկ ուտում են ցորենից շիլա՝ մեղրով և մրգերով: Ըստ ավանդության` սեղան են նստում միայն, երբ երկնքում հայտնվում է առաջին երեկոյան աստղը: Այն խորհրդանշում է աստղի հայտնությունը, որն ամբողջ աշխարհին ավետեց Քրիստոսի Ծննդյան մասին: Հավատացյալները ընթրիքից առաջ սովորության համաձայն կարդում են Ավետարանից Քրիստոսի Ծննդի մասին հատվածը: Նրանք փոխանակվում են անաղ հացով՝ միմյանց բարեմաղթանքներ հղելով: Այս ամենից բացի, սեղանի շուրջը նստելիս ընդունված է ազատ տեղ թողնել՝ անհրաժեշտ սպասքով: Համարվում է, որ եթե որևէ մեկը մտնի տուն Քրիստոսի Ծննդյան նախօրեին, այդ դեպքում ընտանիքը պետք է ընդունի նրան որպես հարազատ մարդու: Այս սովորույթն արվում է հարազատներին և մտերիմներին հիշատակելու համար, որոնք այդ օրը հեռու են ընտանիքից:

Friday, December 13, 2013

Ռ. Բեքվիթին ու նրա վերջին ցանկությունը...


Սա մի հուզիչ պատմություն է, որ ժամանակին ցնցեց աշխարհը, և միգուցե շատերին է հայտնի, սակայն արժե կրկին վերհիշել փոքրիկ Ռեյչել Բեքվիթին ու նրա վերջին ցանկությունը, որով ոգեշնչվեցին հազարավոր մարդիկ բարեգործություն անելու համար: Իր ծննդյան ինն ամյակի կապակցությամբ նա իր հարազատներից ու ընկերներից ոչ թե նվերներ, խաղալիքներ կամ հագուստ էր ցանկացել, այլ խնդրել էր, որպեսզի նրանք համապատասխան գումարը փոխանցեն Charity Water բարեգործական հիմնադրամին, որ օգնում է թույլ զարգացած երկրների մարդկանց ապահովել մաքուր խմելու ջրով: Նա երազում էր հավաքել 300 դոլլար, ինչը բավարար էր փրկելու 15 մարդու կյանք: Բարեգործական հաշվեհամարի էջի վրա նա գրել էր հետևյալը. «2011 թ.-ի հունիսի 12-ին ես կդառնամ 9 տարեկան: Ես իմացել եմ, որ միլլիոնավոր մարդիկ մահանում են` չբոլորելով նույնիսկ իրենց ծննդյան հինգերորդ օրը: Ինչո՞ւ, որովհետև զրկված են մաքուր խմելու ջրից: Խնդրում եմ բոլոր ինձ ճանաչողներին այն գումարը, որ նախատեսել եք իմ նվերի համար, նվիրաբերեք բարեգործության համար»: Նա երազում էր հավաքել 300 դոլլար, բայց ընդհանուր գումարը կազմեց միայն 200 դոլլար, ինչը տխրեցրեց աղջնակին: Բայց նա հույս ուներ, որ հաջորդ ծննդյան տոնին կլրացնի անհրաժեշտ պակասը՝ չիմանալով, թե ճակատագիրն ինչ դաժան անակնկալ էր պատրաստել իր համար և, որ նրան վիճակված չէ տոնելու մյուս ծննդյան տոնը: Նա դարձավ խոշոր ավտովթարի զոհ, որից տուժեցին շատ մարդիկ, բայց, ցավոք, մահացավ միայն նա: Փոքրիկ Ռեյչելի մահվան բոթի հետ մեկտեղ տարածվեց նաև նրա վերջին ցանկության պատմությունը: Միլիոնավոր մարդիկ ձեռնամուխ եղան իրականացնելու աղջկա երազանքը և շարունակեցին գումար փոխանցել բարեգործական ծրագրին՝ դարձնելով այն ամենամասշտաբայինը Charity Water-ի պատմության մեջ: Կարճ ժամանակահատվածում հավաքվեց շուրջ 1 միլիոն դոլլար, որը բավականացրեց փրկելու 600 000 մարդկային կյանք:

Friday, December 6, 2013

Սպիտակի երկրաշարժից անցել է 25 տարի….


1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ: Այն ընդգրկեց հանրապետության տարածքի մոտ 40 տոկոսը: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները…. Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան: Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը… Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 մլրդ ռուբլի… Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեցին աշխարհի ավելի քան 113 երկրներ և 7 միջազգային կազմակերպություններ: Ցավալի է այն, որ այդ օրերին Հայաստանին օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռը աղետի ենթարկվեց, և նրա 7 հոգուց բաղկացած անձնակազմը զոհվեց: Դեկտեմբերի 7-ը համազգային սգի օր է ողջ հայ ժողովրդի համար: Անցել է շուրջ 25 տարի այդ աղետալի երկրաշարժից, բայց ցավը և դառնությունը չեն մեղմվել: Ցավոք հայկական իրականությունից դեռևս չի վերացել <<աղետի գոտի>> տերմինը, բազմաթիվ ընտանիքներ շարունակում են մնալ նորմալ բնակարանային պայմաններին կարոտ, խնդիրները և անելիքները դեռևս բազմաթիվ են: Ողջ հայ ազգն է սգում, վառ պահելով աղետի զոհերի հիշատակը: 1988թ դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժը Հայոց նորագույն պատմության հերթական սև էջն էր: Աստված հեռու պահի հայ ժողովրդին նման աղետներից...