SASUN TOSUNYAN`S BLOG

Friday, January 22, 2016

Այսօր ողջ աշխարհում չարությունը շատացել է: Մարդիկ չեն մտածում միմյանց օգնելու մասին: Կյանքը դարձել է եսասիրական: Ամեն մեկը մտածում է միայն իր շահի մասին: Մարդիկ սրտացավություն չունեն նույնիսկ իրենց երեխաների, ծնողների և հարազատների հանդեպ: Իհարկե, սա բոլորին չի վերաբերում, բայց շատերը չարություն են խորհում և գործում:
Ցավալի է, չէ որ մարդն ստեղծվել է Տիրոջ պատկերով և նմանությամբ, որ սիրի, օգնի և բարձրացնի ուրիշներին: Աստծո Խոսքը մեզ զգուշացնում է, որ չար ընկերակցություններն ապականում են բարի վարքը: Ես դեպքեր գիտեմ, երբ անմեղ մարդիկ մահացել են իրենց ընկերների պատճառով, ովքեր հարբել են, սկսել են վիճել, և բանը հասել է մարդասպանության:
Չար ընկերակցություններ ասելով` Աստծո Խոսքը նկատի ունի ոչ միայն ֆիզիկական ընկերակցությունները, այլև հոգևոր: Օրինակ` ինչն է պատճառը, որ երեխան՝ այդ բարի, ազնիվ ու անմեղ արարածը, ով բոլորին սիրում ու ժպտում է, ժամանակի ընթացքում սկսում է չարանալ: Պարզապես նա շփվում է հոգևոր ուժերի հետ, սատանայի ազդեցության տակ է ընկնում և չար մտքեր ստանում:
Ինչպես է դա տեղի ունենում: Կան ընտանիքներ, որտեղ երեխաները մեծանում են հեռուստացույցի բացասական ազդեցության տակ՝ դիտելով վատ ֆիլմեր և հաղորդումներ, որոնք քարոզում են պղծություն, դաժանություն, մարդասպանություն: Նմանօրինակ ֆիլմերն ու հաղորդումներն ապականում են երեխայի բարի վարքը:
Սիրելինե՛ր, հեռացե՛ք չար ընկերակցություններից, ձեր երեխաներին մեծացրե՛ք Աստծո Խոսքով լցված մթնոլորտում՝ նրանց մեջ սերմանելով սեր, բարություն և այլ դրական արժեքներ, ունեցե՛ք բարի ընկերակցություններ, և Տերը կօրհնի ձեզ:
"Մի՛ խաբվեք. չար ընկերակցություններն ապականում են բարի վարքը" (Ա Կորնթացիների 15.33):
Ա.Սիմոնյան

No comments:

Post a Comment