SASUN TOSUNYAN`S BLOG

Sunday, September 6, 2015

Անկեղծ նամակ

Ձյուն էր գալիս, երեխաները ուրախ խաղում էին դրսում, բայց Օլգային չէր հետաքրքրում այդ ամենը. նա մտածկոտ աչքերով նայում էր պատուհանից դուրս:
Փոքրիկի մայրը, ով մեծացել էր մանկատանը, ծանր հիվանդ էր, իսկ հայրը, վաղուց է, ինչ լքել էր նրանց:
Այս ընտանիքը չուներ ոչ մի բարեկամ. Օլգան այնքան անօգնական էր դառնում, երբ մայրն ընկնում էր ջղագրգիռ ցնցումների մեջ:
Երբ մայրն արթնանում էր, աղջիկը գալիս էր նրա մոտ  և միշտ լսում էր նույն նախադասությունը. «Աստված կօգնի մեզ, աղջի՛կս, դու մենակ չես մնա, Նա թույլ չի տա, մի՛ վախեցիր»:
Մայրը միշտ աղջկան պատմում էր մանկատան դայակի մասին, ով հայտնել էր իրեն Աստծո և Նրա մեծ սիրո մասին:
«Միայն Նա կարող է մեզ օգնել»,- ասում էր մայրն ամեն անգամ և խորը քուն մտնում:
Աղջիկը շատ էր մտածում մոր խոսքերի շուրջ. մի օր էլ հիշեց, թե ինչպես էր մայրը փոստով նամակներ ուղարկում իր մանկատան ընկերներին և ուրախությունից սկսեց թռչկոտել:
Նա որոշեց նամակ գրել Աստծուն: Վերցնելով թուղթը՝ նստեց սեղանի շուրջ և մանկական մեծ ձեռագրով գրեց. «Սիրելի՛ Աստված, խնդրո՜ւմ եմ, օգնի՛ր մեզ: Իմ մայրը շատ հիվանդ է, նա հաճախ գալարվում է ցավից: Ես լաց եմ լինում և վախենում, որ նա կմահանա: Բժիշկը մայրիկիս համար ներարկումներ է նշանակել, բայց դրանք ոչնչով չեն օգնում: Մայրս ասում է, որ Դու բարի ես և սիրում ես մեզ, խնդրո՜ւմ եմ շո՛ւտ արի, մենք Քեզ սպասում ենք, Դու ես մեր միակ հարազատն այս աշխարհում»:
Ավարտելուց հետո աղջնակն այն դրեց ծրարի մեջ և վրան մեծ տառերով գրեց՝ «Աստծուն՝ դեպի երկինք»:
Երբ մոտեցավ փողոցի անկյունում գտնվող փոստարկղին, հասկացավ, որ իր հասակը բավարար չէ, որ նամակը հայտնվի այնտեղ: Նրա աչքերն ափսոսանքով լցվեցին. հանկարծ անկյունից մի անցորդ հայտնվեց և ասաց.
-Ինչո՞վ կարող եմ  օգնել: Եթե չես կարողանում, ես կարող եմ գցել, թույլ կտա՞ս:
Աղջիկն ուրախությամբ նրան հանձնեց ծրարը: Անծանոթն այն գրեթե գցել էր փոստարկղի մեջ, երբ հանկարծ նկատեց, որ նամակը հասցեագրված է Աստծուն: Աղջկանից թույլտվություն հարցնելով՝ ցանկացավ կարդալ այն:
Նրա աչքերն արցունքով լցվեցին, երբ բացեց և կարդաց նամակը. անծանոթը խնդրեց աղջկան ուղեկցել իրեն մայրիկի մոտ:
Մորը տեսնելով՝ անծանոթը ծնկի եկավ անկողնու մոտ, աղոթեց Աստծուն նրանց համար և հեռացավ:
Մի քանի ժամ անց նա կրկին վերադարձավ, բայց այս անգամ մի քանի այլ մարդկանց հետ, ովքեր բարի աչքեր ունեին. նրանք կերակուր պատրաստեցին, օգնեցին թարմացնել անկողինը, լողացրեցին Օլգային և այսպես մի քանի օր:
Նրանց աղոթքների և խնամքի միջոցով շուտով մայրը լավացավ:
Աստված Ինքն էր այդ օրը եկել Օլգայի և նրա մայրիկի մոտ՝ մարդկանց միջոցով:
Աղջնակն այսօր բոլորին պատմում է, որ Աստված պատասխանել է իր անկեղծ նամակին:

No comments:

Post a Comment