SASUN TOSUNYAN`S BLOG

Wednesday, September 25, 2013

Ինչ է պատմությունը: Դասավանդման նպատակները և խնդիրները

Պատմագիտությունը ուսումնասիրում է մարդկային հասարակության անցած ուղին, նրա բնորոշ ու հատկանշական կողմերը: Պատմության իմաստավորումը և դրա օրինաչափությունների բացահայտումը հնարավորություն է ընձեռնում ներկան հասկանալու, ճիշտ կողմնորոշվելու ընթացիկ կյանքի հորձանուտում, գալիքը կանխագուշակելու, հետևաբար և հավատով նայելու ապագային: Այլ կերպ կարելի է տալ պատմության պարզ սահմանումներից մեկը, այն է` Պատմությունը ուսումնասիրում է ոչ միայն անցյալը, այլև վերլուծում է ներկան և խորհել է տալիս ապագայի մասին: Հարկ է նշել, որ պատմաբանները մշտապես փորձել են տալ պատմության առավել ընդունելի սահմանումը, մասնավորապես ֆրանսիացի նշանավոր պատմաբան Մարկ Բլոկը պատասխանելով այն հարցին, թե ինչ է պատմությունը, գրել է. << Պատմությունը գիտություն է մարդու մասին ժամանակի մեջ>>, իսկ գերմանացի հայտնի պատմաբան Դրոյզեն անդրադառնալով այդ հարցին, տվել է առավել դիպուկ պատասխան` գրելով. << Պատմությունը միակ գիտությունն է, որին բախտ է վիճակվել լինել միաժամանակ նաև արվեստ>>: Պատմության ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետների` պատմաբանների առաջ քաշած ձևակերպումներից կամ սահմանումներից հետևություններ անելով կարելի է տալ պատմության առավել գիտական ձևակերպումը, այն է` Պատմագիտությունը գիտություն է, որը գտնվում է ինքնահարաստացման, զարգացման չընդհատվող գործընթացի մեջ, այն անհարիր է քարացածությանը, դոգմատիզմին և, անկախ բոլոր կարգի դժվարություններից, այնուամենայնիվ, ի վերջո ասում է իր ճշմարիտ խոսքը: Արդի ժամանակներում հանրակրթական դպրոցներում պատմության դասավանդման գլխավոր խնդիրը մարդկության պատմական հիշողության պահպանումը և սերնդեսերունդ փոխանցումն, համաշխարհային արժեքների հաղորդակցումն և պատմական մտածողության ձևավորումն է սովորողների մոտ: Պատմության դասավանդման կարևորագույն խնդիրներից է ձևավորել արդի հասարակությունում ինտեգրված մարդ, որը նպատակաուղղված է կատարելագործելու այդ հասարակությունը: Պատմության դասավանդման կարևոր նպատակներից է աշակերտների մոտ կարողությունների և հմտությունների ձևավորումը, նրանց մոտ սեփական կարծիքի ձևավորման և այդ կարծիքը փաստարկելու ընդունակությունը, ինչպես նաև պատմական մտածողության ձեռքբերումը և պատմական գիտելիքները կիրառելու և քննադատաբար վերլուծելու կարողության ձևավորումը: Ս.Թոսունյան

No comments:

Post a Comment