SASUN TOSUNYAN`S BLOG

Friday, September 6, 2013

Հայրենական մեծ պատերազմը

Գերմանիայի հարձակումը Խորհրդային Միության վրա

 
Դեռևս 1940թ. վերջերին Հիտլերը հաստատել էր ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու իր պլանը` «Բարբարոսա» ծածկանվան տակ։ Նախատեսվում էր կայծակնային հարձակմամբ գրավել ԽՍՀՄ-ը և 1941թ. աշնանն ավարտել պատերազմը։ Ստալինը համոզված էր, որ Գերմանիան 1941թ. ընթացքում չէր հարձակվի ԽՍՀՄ-ի վրա։ Ուստի, Գերմանիայի հետ պատերազմի մասին բոլոր խոսակցությունները նրա կողմից դիտվում էին որպես սադրանք։ Սակայն 1941թ. հունիսի 22-ին, վաղ առավոտյան, Գերմանիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Միայն դրանից հետո, առավոտյան 03։30 րոպեին, Մոսկվայում Գերմանիայի դեսպան կոմս Շուլենբուրգը Կրեմլում հանդիպեց ԽՍՀՄ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Վ. Մոլոտովին։ Դեսպանը հայտարարեց, որ «խորհրդային զորքերի կենտրոնացումը գերմանական սահմանի մոտ հասել է այնպիսի չափերի, որ գերմանական կառավարությունն այլևս չի կարող համբերել։ Այդ պատճառով էլ նա որոշեց ձեռնարկել համապատասխան հակամիջոցառումներ»։ Կոմս Շուլենբուրգը պատերազմ բառը չօգտագործեց, թեև այն արդեն սկսվել էր։ Այդ պատճառով էլ Վ. Մոլոտովը հարցրեց նրան. «Դա ի՞նչ է, պատերազմի հայտարարությո՞ւն է»։ Շուլենբուրգը ոչինչ չպատասխանեց։ Նա միայն հուսահատորեն թափահարեց ձեռքը և հեռացավ Կրեմլից[14]։
Գերմանիայի հետ միասին Խորհրդային Միության վրա հարձակվեցին Ռումինիան և Ֆինլանդիան։ ԽՍՀՄ-ին պատերազմ հայտարարեցին Իտալիան և Սլովակիան, իսկ հունիսի 21-ին` Հունգարիան։ Իսպանիան թեև հայտարարեց իր չեզոքության մասին, սակայն գեներալ Ֆրանկոն, որպես օգնություն Գերմանիային, խորհրդա-գերմանական ճակատ ուղարկեց «Երկնագույն դիվիզիան»[15]։ Գերմանիայի դաշնակիցն էր նաև Բուլղարիան։
Գերմանիան և նրա դաշնակիցները խորհրդային երկրի դեմ կենտրոնացրել էին 190 դիվիզիա, հսկայական քանակությամբ ժամանակակից ռազմական տեխնիկա` հրետանի, տանկեր, ինքնաթիռներ։ Գերմանիայի տնօրինության տակ էր նրա կողմից նվաճված եվրոպական երկրների ամբողջ ռազմական և տնտեսական ներուժը։
Պատերազմական գործողությունները ծավալվեցին Բալթիկ ծովից մինչև Սև ծով ընկած հսկայական տարածքի վրա։ Պատերազմ սկսելով ԽՍՀՄ-ի դեմ` Գերմանիայի նպատակն էր մահացու հարված հասցնել իր գլխավոր գաղափարական հակառակորդին` կոմունիզմին, վերացնել Խորհրդային Միությունը որպես պետություն և այդ ուղիով լուծել իր համար կենսական տարածք ապահովելու խնդիրը։ Պատերազմի հենց սկզբից ԽՍՀՄ-ը հայտնվեց ծանր վիճակում։ Ռազմական առավելությունը և նախաձեռնությունը Գերմանիայի կողմն էր։ Խորհրդային երկրի վրա կախվել էր մահացու վտանգ։ 1941թ. հունիսի 30-ին ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե` Ստալինի նախագահությամբ։ Այդ կոմիտեի ձեռքում կենտրոնացվեց երկրի ռազմական, քաղաքական և տնտեսական ամբողջ կառավարումը։ Արագ տեմպերով սկսվեց թիկունքի աշխատանքների վերակառուցումը։ Ամբողջ ժողովուրդը ոտքի էր կանգնել ֆաշիստական զավթիչների դեմ կենաց և մահու պայքարի։ Դա Հայրենական մեծ պատերազմ էր։
Գերմանիան Խորհրդային Միության դեմ հարձակողական գործողությունները զարգացրեց երեք ուղղություններով` Հյուսիսային, նպատակ ունենալով գրավել Մերձբալթիկան և Լենինգրադը (այժմ` Սանկտ Պետերբուրգ), Կենտրոնական, որի գլխավոր նպատակը Մոսկվայի գրավումն էր, և Հարավային` ձգտելով տիրանալ Կիևին, Խարկովին, և Դոնբասին։ Հիտլերականները ծրագրել էին պատերազմը հաղթանակով ավարտել մինչև 1941թ. դեկտեմբերը։ Սկզբանական փուլում գերմանական զորքերը հասան տպավորիչ հաղթանակների։ Նրանք գրավեցին Մերձբալթիկան և շրջափակման օղակի մեջ վերցրին Լենինգրադը, տիրեցին Կիևին, Խարկովին և Դոնբասի մեծ մասին։ Իսկ 1941 թ. սեպտեմբեր ամսին հայտնվեցին Մոսկվայի մատույցներում, որտեղ ընթանում էին կատաղի մարտեր։
Խորհրդային հրամանատարությանը հաջողվեց մոբիլիզացնել բոլոր հնարավոր ուժերը և հակահարձակման անցնել սկզբում Ռոստովի, Տիխվինի և Ղրիմի շրջաններում, իսկ 1941թ. դեկտեմբերի 6-ին` Մոսկվայի տակ։ Խորհրդային զորքերը ծանր հարված հասցրին գերմանական զորքերին և մինչև 1942 թ. մարտ ամիսը նրանց հետ շպրտեցին մոտ 400 կիլոմետր։ Դա առաջին լուրջ պարտությունն էր, որ Գերմանիան կրեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, ինչը ցույց տվեց գերմանական բանակի անպարտելիության մասին տարածված տեսակետի սնանկ լինելը։ Շնորհիվ Մոսկվայի տակ տարած հաղթանակի` ձախողվեց հիտլերականների «Կայծակնային պատերազմի» («Բլիցկրիգի») ծրագիրը[16]։
Եվրոպան 1943-1945թթ.

Ստալինգրադի (1942 թ.) և Կուրսկի (1943 թ.) ճակատամարտերը

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ստալինգրադի պատերազմ (1942)
    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Կուրսկի պատերազմ (1943)
1942թ. վերջերին Վոլգայի ափերին` Ստալինգրադից ոչ հեռու, ծավալվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենակարևոր և արյունալի ճակատամարտերից մեկը։ Մինչ այդ գերմանացիներին հաջողվել էր ուշքի գալ Մոսկվայի մատույցներում կրած ծանր պարտությունից, հակահարձակման անցնել հարավային ուղղությամբ ու դուրս գալ Ստալինգրադի մատույցները։ Ստալինգրադի ճակատամարտի ելքը կարևոր էր ինչպես ընդհանուր պատերազմի ճակատագրի, այնպես էլ Անդրկովկասի, մասնավորապես Հայաստանի համար։ Թուրքիան իր ռազմական ուժերը կենտրոնացրել էր Անդրկովկասի սահմանների մոտ, պատրաստ էր Ստալինգրադի անկման դեպքում ներխուժել Հայաստան և Անդրկովկաս, որը կարող էր ողբերգական հետևանքներ ունենալ հայ ժողովրդի համար։ Բարեբախտաբար դա տեղի չունեցավ։ Խորհրդային զորքերը 1942 թ. նոյեմբերի 19-ին անցան հակահարձակման և շրջապատեցին գերմանացիների ստալինգրադյան խմբավորումը, որը բաղկացած էր 22 դիվիզիայից` մոտ 330 հազար զինվոր և սպա[17]։ 1943թ. փետրվարի 2-ին, ծանր կորուստներից հետո, այդ խմբավորումն անձնատուր եղավ։
Խորհրդային զորքերի հաղթանակը Ստալինգրադի մոտ Երկրորդ համաշխարհային պատերազմում արմատական բեկման սկիզբ դրեց։
Ստալինգրադից հետո խորհրդային բանակը խոշոր հաջողություններ ձեռք բերեց նաև հյուսիսում։ 1943 թ. հունվարին խորհրդային զորքերին հաջողվեց ճեղքել Լենինգրադի շրջափակման օղակը, իսկ հուլիս-օգոստոսին` կարևոր հաղթանակ տանել Կուրսկի ճակատամարտում։ 1943 թ. վերջերին Կարմիր բանակի զորամիավորումները անցան Դնեպրը և ազատագրեցին Կիևը։

ԱՄՆ-ի` պատերազմի մեջ մտնելը

Ֆ. Ռուզվելտը ստորագրում է Ճապոնիային պատերազմ հայտարարելու հրամանագիրը։
1941թ. դեկտեմբերի 7-ի առավոտյան ճապոնական ռազմանավերը և ավիացիան հանկածակի հարձակվեցին Հավայան կղզիներում գտնվող ամերիկյան Պիրլ Հարբոր ռազմածովային հենակայանի վրա։ Հաջորդ օրը ԱՄՆ-ն պատերազմ հայտարարեց Ճապոնիային։ Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ-ին պատերազմ հայտարարեցին Ճապոնիայի դաշնակիցներ Գերմանիան և Իտալիան։ ԱՄՆ-ն էլ իր հերթին պատերազմ հայտարարեց նրանց։
Զարգացնելով իրենց հաջողությունները` ճապոնացիները մինչև 1942թ. գարունը գրավեցին Թաիլանդը, Ֆիլիպինները, Մալայան, Բիրման, Ինդոնեզիան, Սինգապուրը, Հոնկոնգը և ներխուժեցին Հարավարևմտյան Չինաստան ու Արևելյան Հնդկաստան։ Այսպիսով` 1941 թ. վերջին պատերազմի մեջ ներգրավվեցին աշխարհի բոլոր խոշոր պետությունները։

Հրեաների դրությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին


Երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, նացիստները գրավեցին հրեաների ստվար զբաղեցրած տարածքներ, ինչպիսիք են Լեհաստանը, Բալթյան երկրները, Ուկրաինան, Բելոռուսիան։
Խոշոր քաղաքներում (ավելի հազվադեպ՝ ոչ խոշոր քաղաքներում) կառուցվում էին հրեական գետոներ, ուր քաղաքներից և արվարձաններից արտաքսվում էր հրեական ամբողջ հասարակարգը։ Խոշորագույն գետո ստեղծվել է Վարշավայում. այն ներառում էր 480 հազար մարդ։
ԽՍՀՄ-ի տարածքում խոշորագույն գետոներ էին Լվովի գետոն (409 հազար մարդ, գոյություն է ունեցել 1941 թ. մարտից մինչև 1943 թ. հունիսը) և Մինսկի գետոն (մոտ 100 մարդ, լուծարվել է 1943 թ. հոկտեմբերի 21-ին)։ Մինչ հրեաների զանգվածային բնաջնջման մասին որոշումը ընդունելը՝ գերմանացիները կիրառում էին «հրեական հարցի լուծման» հետևյալ սխեման.
  • եվրոպական բնակչության կենտրոնացում քաղաքների խոշոր շրջաններում՝ գետոներում
  • ոչ հրեա բնակչության անջատում հրեականից՝ զատում
  • հրեաների լիակատար անջատում հասարակական կյանքից
  • գույքի բռնագրավում, տնտեսական կյանքի բոլոր բնագավառներից հրեաների անջատում
  • ծանր ֆիզիկական աշխատանքը դարձնել հրեաների միակ գոյատևման միջոց։

Խմբակային գնդակահարումներ

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հոլոքոստը ԽՍՀՄ տարածքում

ԽՍՀՄ-ում բնակվող հրեաները, որպես կանոն, ոչնչացվում էին իրենց բնակության վայրերում (գերմ.՝ Einsatzgruppen)։ Օդեսայի օկուպացված շրջաններում հրեաների ոչնչացմամբ զբաղվում էր ռումինական բանակը։ Բալթյան երկրների, Ուկրաինայի, Բելոռուսիայի ամբողջ տարածքով մեկ գրեթե յուրաքանչյուր ոչ մեծ քաղաքին, գյուղին կից գտնվում էին այսպես կոչված «փոսերը»՝ բնական հեղեղատները, ուր վտարում և գնդակահարում էին տղամարդկանց, կանանց, երեխաներին։
Արդեն 1941 թ. հունիսի վերջին Կաունասում գերմանացիների և իրենց լիտվացի մեղսակիցների ձեռքով սպանվեցին հազարավոր հրեաների. Վիլնյուսի 60 հազար հրեաներից 45 հազարը մահացավ Պոնարայի զանգվածային գնդակահարումների ընթացքում, որը տևեց մինչև 1941 թ. վերջը։ Սպանությունների ալիքը տարածվեց ամբողջ Լիտվայով։ 1942 թ.-ին հրեական համայնքների մնացորդներ էին մնացել միայն Կանուաս, Վիլնյուս, Շյաուլյայ և Շվեհչիս քաղաքներում։
Լատվիայում մի քանի շաբաթվա ընթացքում ոչնչացվեց գավառական քաղաքների ամբողջ հրեական բնակչությունը. պահպանվեցին միայն Դաուգավպիլսի, Ռիգայի և Լիեպայի համայնքները։ Ռիգայում բնակվող երեսուներեք հազար հրեաներից քսանյոթ հազարը սպանվեց 1941 թ. նոյեմբերի վերջից դեկտեմբերի սկիզբը ընկած հատվածում։ Այդ ժամանակ էլ ոչնչացվեցին Դաուգավպիլսի և Լիեպայի հրեաները։
Էստոնիայի եվրոպական բնակչության զգալի մասը, որը 1940 թ.-ի դրությամբ հաշվվում էր մոտ 4,5 հազար մարդ, կորողացավ խուսափել սպանդից։ 1941 թ. հունիսի 14-ին՝ պատերազմից ընդհամենը 8 օր առաջ, մոտ 500 հրեաներ 10 հազար էստոնացիների հետ ԽՍՀՄ-ի ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի միջոցով գաղթեցին Սիբիր, մոտ 500 տղամարդ հրեաներ զորակոչվեցին Կարմիր բանակ կամ ընդուվեցին կործանիչ գումարտակներ։ Էստոնիայի 3,5 հազար հրեաներից միայն 950-ը չկարողացան կամ չցանկացան տարհանվել։ Մոտ 2-2,5 հազար հրեաներ կարողացան տարհանվել ԽՍՀՄ-ի ներքին շրջաններ, որին նպաստեց այն փաստը, որ գերմանացիները զբաղեցրին Տալլինը միայն 1941 թ. օգոստոսի 28-ին։ Այն 929 հրեաները, ովքեր Էստոնիայում էին, գնդակահարվեցին մինչև 1941 թ.-ի վերջը Ռիգայից ժամանած համար 1ա զոնդերխմբի կողմից, որը ղեկավարում էր շտանդարտենֆյուրեր Մարտին Զանդբերգերը։
Գնդակահարություններ եղան Տալլինում, Տարտուում և Պյարնուում։ 1942 թ. փետրվարյան դեպքերը Բեռլինում առիթ հանդիսացան, որ Էստոնիան դառնա առաջին և միակ եվրապական երկիրը «հրեաներից ազատ» (գերմ.՝ «Judenfrei»)։
Բելոռուսիայում հրեաների միայն փոքր մասը կարողացավ տարհանվել քաղաքի խորքեր։ 1941 թ. հունիսին Բելոստոկում սպանվեցին հազարավոր հրեաներ։ Հինգ օրվա ընթացքում Մինսկում և նրա շրջակայքում բնակվող մոտ 80 հազար հրեաներ կենտրոնացվեցին գետոներում (ստեղծվել էին 1941 թ. հունիսի 20-ին)։ Մինչ ձմռան սկիզբը ավելի քան 50 հազար մարդ սպանվել էր։ Օկուպացման առաջին ամիսներին սպանվեց Վիտեբսկում, Գոմելում, Բոբրույսկում և Մոգիլյովում բնակվող հրեաների մեծամասնությունը։ Բելոռուսիայում և մյուս օկուպացված տարածքներում (հատկապես Սմոլենսկի շրջանում) ստեղծված քսաներեք գետոներից 12-ը լիկվիդացվին մինչև 1941 թ.-ի վերջը, իսկ հաջորդ վեցը՝ 1942 թ.-ի առաջին ամիսներին։
Արևմտյան Ուկրաինայում գերմանացիները և տեղի բնակչությունը ջարդը սկսեց 1941 թ. հունիսի վերջից հուլիսի սկիզբը ընկած ժամանակահատվածում։ Լվովում հունիսի 30-ից հուլիսի 3-ը սպավնեց չորս հազար հրեա, իսկ հուլիսի 25 - 27-ին՝ մոտ երկու հազար։ Լուցկը գրավելուց մի քանի օր անց այնտեղ սպանվեցին երկու հազար հրեաներ. քսանյոթ հազար հրեաներից ճիշտ քսանմեկ հազարը սպանվեց 1941 թ.-ի նոյեմբերին։
Կենտրոնական և Արևելյան Ուկրաինայի այն հրեաները, ովքեր չկարեցան տարհանվել մինչև գերմանացիների ժամանելը, ընկան նացիստների ձեռքը։ Գերմանական զորքերի ժամանումը արևելք և ԽՍՀՄ-ի հսկայական տարածքների զբաղեցումը նրանց կողմից հանգեցրին նրան, որ նացիստների ազդեցության տակ ընկան այն հրեաները, ովքեր կարողացել էին փախչել արևելյան երկրների շրջաններից մինչ պատերազմական գործունեությունների սկսվելը։ Ուկրաինայում հրեական համայնքների մեծամասնությունը ոչնչացվեց առանց հետք թողնելու։ Ուկրաինայի՝ մինչպատերազմական շրջանում ապրող յոթանասուն հրեական կենտրոններից 43-ը ոչնչացվեցին 1941 թ.-ին, իսկ մնացածը՝ մինչ 1942 թ.-ի կեսը։
1941 թ. հոկտեմբերին Ղրիմում տեղի բնակչության ակտիվ օգնությամբ սպանվեցին մոտ հինգ հազար տեղի հրեաներ և մոտ 18 հազար արտագաղթած հրեաներ։ Լենինգրադյան և Նովգորոդյան շրջաններում, Հյուսիսային Կովկասում և Ղրիմում հրեաների ոչնչացումը իրականացվում էր միանգամից տարածքը գրավելուց հետո։
Սակայն Կալուժիսկյան և Կալինինյան շրջաններում հակահարձակման շնորհիվ այդ տարածքներում չիրագործվեց հրեաների ամբողջական ոչնչացում։ Հրեաների սպանությունները Հարավային Ռուսաստանում և Հյուսիսային Կովկասում սկսվեցին 1942 թ. ամռանը։ 1942 թ. օգոստոսի 11-ին հրեաների մասայական սպանություն տեղի ունեցավ Դոնի Ռոստովում։ Հրեաներին ոչնչացրին նաև հաջորդ օրերի ընթացքում և այդպես մինչև քաղաքի ազատագրումը։ Դոնի Ռոստովի երկրորդ օկուպացիայի ժամանակ հրեաների զոհերի թիվը, տարբեր մասնագետների կարծիքով, 15 000-ից 30 000 էր։

«Հրեական հարցի վերջնական լուծումը»

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հրեական հարցի վերջնական լուծումը

1941 թ. հունիսի 31-ին Գերման Գերինգը ստորագրեց Ռեյնխարդ Գեյդրիխի՝ Կայսրության ապահովության գլխավոր գրասենյակի (գերմ.՝ Reichssicherheitshauptamt) պետ նշանակվելու հրամանը, ով էլ պատասխանատու դարձավ «հրեական հարցը վերջնական լուծելու»։
1941 թ. հոկտեմբերին սկսվեց հրեաների տարհանումը Գերմանիայից Լեհաստանի, Բալթյան երկրների և Բելոռուսիայի գետոներ։
1942 թ. հունվարին Վանզեյսկյան կոնֆերանսում հաստատվեց «հրեական հարցի վերջնական լուծման» ծրագիրը։ Այս որոշումը չէր ազդարարվել,և քչերը (այդ տվում և ապագա զոհերը) կորող էին հավատալ, որ 20-րդ դարում կիրագործվի այսպիսի ոչնչացում։
Գերմանիայի, Ֆրասիայի, Նիդերլանդների, Բելգիայի հրեաներին ուղարկում էին արևելք՝ Լեհաստանի և Բելոռուսիայի ճամբարներ և գետոներ։ Լեհաստանում ստեղծվում էին մահվան ճամբարներ, որոնք հաշվարկված չէին բազմաթիվ մարդկանց բնակության համար, այլ նախատեսված էին նոր ժամանածների արագ ոչնչացման համար։ Մահվան առաջին ճամբարների (Հելմնո և Բելժեց) կառուցման վայրերը արդեն իսկ որոշված էին 1941 թ. հոկտեմբերին։ Լեհաստանի հրեաների ոչնչացումը անվանում են «Օպերացիա Ռեյնխարդ»՝ ի պատիվ 1942 թ. մայիսին Պրահայում սպանված Ռեյնխարդ Գեյդրիխի։
1941 թ. դեկտեմբերի սկզբին սկսեց գործել Հելմնոյի առաջին մահվան ճամբարը։ Այնտեղ հրեաներին սպանում էին ածխածնի օքսիդով փակ բեռնատար մեքենաներում։
1942 թ. հուլիսին սկսվեցին մասայական տարհանումներ Վարշավայի գետոյից (ստեղծված գետոներից ամենամեծը) Տրեբլինկի մահվան ճամբար։ Մինչ 1942 թ. սեպտեմբերի 13-ը տարհանվեցին կամ մահացան գետոյում 300 հազար Վարշավայի հրեաներ։
Լոդզ քաղաքի գետոյում պահվում էին մինչև 160 000 հրեաներ։ Այս գետոն ոչնչացվեց աստիճանաբար. տարհանման առաջին ալիքը դեպի Հելմնո իրականացվեց 1942 թ. հունար-մայիս ամիսներին (Լոդզի և Կալիշկսյան շրջանի գավառական քաղաքների 55 հազար հրեաներ), այնուհետև տարհանումների հաջորդ ալիքները Հելմնո և այլ ճամբարներ, իսկ 1944 թ. սեպտեմբերի 1-ին այն վերջնականապես լուծարվեց։
Լյուբլյանայի հրեական բնակչությունը ուղարկվեց Բելժեցի ոչնչացման ճամբար։ 1942 թ. մարտի 17-ապրիլի 14-ը ընկած ժամանակահատվածում մահվան ուղարկվեցին 37 հազար հրեաներ, իսկ չորս հազար հրեաներ, ովքեր չէին ուղարկվել, կենտրոնացվեցին Մայդան-Թաթարական գետոյում։ 1942 թ. մարտին Բելժեց քաղաք տեղափոխվեցին Լյուբլյանայի բոլոր հրեաները։ 1942 թ. մարտին Լվովից Բելժեց ուղարկվեցին մոտ 15 հազար հրեաներ, իսկ օգոստոսին՝ ևս 50 հազար։
1942 թ. հունիսին և հոկտեմբերին հրեաների մեծամասնությունը Կրակովից տեղափոխվեց Բելժեց. 1943 թ. մարտին այնտեղ մնացած մոտ վեց հազար հրեաներ տեղափոխվեցին Պլաշուվ, իսկ մոտ երեք հազարը՝ Օսվենցիմ։ 1942 թ. սեպտեմբերին Ռոդոմի, Կելցի, Չենստոխովի և Արևելյան Լեհաստանի այլ քաղաքների հրեաների մածամասնությունը ուղարկվեց Տերբլինկա։ Ռադոմսկյան շրջանի 300 հազար հրեաներից 1942 թ. վերջին ողջ մնաց միայն 30 հազարը։
1942 թ.-ին ոչնչացվեցին Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի հրեաների մեծամասնությունը և Արևմտյան Եվրոպայի հրեաների զգալի մասը։ 1943 թ. սովետական բանակի հարձակումը, Ստալինինգրադյան ճակատամարտի դրության փոփոխությունը և Ռոմելի բանակի պարտությունը Էլ-Ալամեյնում հանգեցրին հրեաների նկատմամբ նացիստների կոտորածների տեմպի արագացման։
Սովտական բանակի արագ առաջխաղացումը արևմուտք ստիպեց էսէսներին լուծարել գետոները և աշխատանքային ճամբարները, վերացնել իրենց կատարած հանցագործության հետքեը։ Հատուկ ստորաբաժանումներ (գերմ.՝ Sonderaktion 1005) զբաղվում էին դիակների այրմամբ մասայական գնդակահարությունների վայրերում։ Արագ կերպով լուծարվեցին Լեհաստանի, Ուկրաինայի, Բելոռուսիայի, Լատվիայի և Լիտվայի գետոները և ճամբարները։ Սկսվեց հրեաների մասայական տարհանում Իտալիայից, Նորվեգիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Սլովակիայից և Հունաստանից Օսվենցիմ, որը շարունակվեց մինչև 1944 թ.։
Հունգարիայում հրեաների ոչնչացումը սկսվեց այն բանից հետո, երբ սովետական բանակը գրավեց երկրի արևելյան շրջանները։

Պատերազմի ավարտը

Ըստ որոշ հետազոտողների՝ 1943 - 1945թ. հրեաների ոչնչացման ծրագիրը (մինչև 1945 թ. մայիսի Գերմանիայի հանձնումը) իրականացվեց երկու երրորդով։ 1943 - 1944 թ. աշխատուժի պակասը և միաժամանակ միլիոնավոր մանդկանց անհիմն սպանությունները առաջացրին նացիստական վարնախավի մոտ «վերջնական լուծման» մոտեցման հարցերում։
1943 թ. Գիմլերը ողջ մանացած հրեաներին պատերազմական գործողություններին ներգրավելու մասին հրաման արձակեց։
Պատերազմի վերջնին փուլում, երբ անխուսափելի էր Գերմանիայի պարտությունը, որոշ նացիստական կառավարիչներ փորձեցին օգտագործել հրեաներին խաղաղ բանակցություններ վարելու համար, մինչդեռ մյուս ներկայացուցիչները (հատկապես Հիտլերը) շարունակում էին պահանջել ողջ մնացած հրեաների ամբողջական ոչնչացում։
Շտանդերֆյուրեր Դիտեր Վիսլիցենին Նյուրնբերգյան պրեցեսում պնդեց, որ 1945 թ. փետրվարին Ադոլֆ Էյխմանը տեղեկացրել է իրեն, որ սպանված հրեաների թիվը մոտ 5 միլիոն է։
Aquote1.png Այստեղ ձեզ հետ խոսելում եմ բացարձակապես անկեղծ… Միմյանց հետ մենք կխոսենք բացեբաց, ինչը երբեք չենք անի հրապարակային… Նկատի ունեմ հրեաների արտաքսումը, հրեաների ոչնչացումը… Այստեղ ներկա գտվողներից քչերը գիտեն թե ինչ է դիակների կույտը, հարյուր, հիսուն, հազար դիակների կույտը…Դիմանալ այդ ամեն իչին և պահպանել պարկեշտություն… Սա մեր կյանքի մի պատմություն է, որը երբեք չի գրվել և չի էլ գրվի։
— Հենրխ Գիմլերի ճառից. Պոզան, 1943 թ. հոկտեմբերի 4
Aquote2.png

Հակահիտլերյան կոալիցիայի ստեղծումը

Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ պատերազմի մեջ ներգրավված պետությունները միավորվեցին հակահիտլերյան կոալիցիայի մեջ։ Այդ կոալիցիան ձևավորվեց 1941թ. վերջերից մինչև 1942թ. կեսերն ընկած ժամանակաշրջանում։ Նրա առաջատար ուժերն էին ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ն և Անգլիան։
Ռուզվելտն ու Չերչիլը 1941 թ. օգոստոսի 14-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որն ավելի հայտնի է Ատլանտյան խարտիա անվանումով։ Այդ հայտարարությամբ նրանք հավաստում էին իրենց վճռականությունը` անհրաժեշտ զենքով և զինամթերքով օգնել Խորհրդային Միությանը։ Խորհրդային Միությունը 1941 թ. սեպտեմբերի 24-ին միացավ Ատլանտյան խարտիային։ Այդ փաստաթղթում նշվում էր, որ ԱՄՆ-ն և Անգլիան տարածքային նվաճումների չեն ձգտում։ Նրանք ընդունում են բոլոր ժողովուրդների իրավունքները` կամովին ընտրելու իրենց կառավարման ձևը, և օգնելու են, որպեսզի բռնի միջոցներով ինքնուրույնությունից զրկված ժողովուրդները վերստանան իրենց իրավունքները։
Կարևոր քաղաքական իրադարձություն էր 1942թ. հունվարի 1-ին Վաշինգտոնում հակահիտլերյան կոալիցիայի անդամ 26 պետությունների, այդ թվում` ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի և Անգլիայի կողմից Միացյալ ազգերի հռչակագրի ստորագրումը։ Նրանք ստանձնեցին ագրեսորների դեմ համագործակցելու և նրանց հետ անջատ հաշտություն կնքելու պարտավորությունները։
1942 թ. մայիսի 26-ին Խորհրդային Միության և Անգլիայի միջև համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագիր ստորագրվել Լոնդոնում` քսան տարի ժամանակով։ Իսկ Վաշինգտոնում 1942թ. հունիսի 11-ին ստորագրվեց խորհրդա-ամերիկյան համաձայնագիրը։ Կողմերը պարտավորություն էին ստանձնում աջակցելու միմյանց պաշտպանունականության ամրապնդմանը։
Հակահիտլերյան կոալիցիայի մեջ միավորվեցին միմյանց հակադիր հասարակական-քաղաքական կառուցվածք ունեցող երկրներ. մի կողմից կապիտալիստական ԱՄՆ-ն, Անգլիան և այլ երկրներ, մյուս կողմից` սոցիալիստական ԽՍՀՄ-ը։ Սակայն այդ միավորումը հնարավոր եղավ այն պատճառով, որ, ինչպես Չերչիլն է դիպուկ նկարագրել, պատերազմը Գերմանիայի դեմ «դասակարգային պատերազմ չէր»։ Ազգային անկախության և ազատության հարցերը գերադաս էին նեղ դասակարգային խնդիրներից։

Երկրորդ ճակատի բացումը և պատերազմի արդյունքները 1944 թվականին

1944թ. հունիսի 6-ին անգլիական և ամերիկյան զորքերը ամերիկյան գեներալ Էյզենհաուերի հրամանատարությամբ հաջողությամբ անցան Լա Մանշ նեղուցը և դուրս եկան ֆրանսիական ափ։ Երկրորդ ճակատը բացվեց, և Գերմանիան պատերազմի հինգերորդ տարում հարկադրված եղավ կռվելու երկու ճակատով։
Սկսվեց Ֆրանսիայի ազատագրումը։ 1944թ օգոստոսի 19-ին Փարիզում ապստամբություն սկսվեց, որը մի քանի օր անց պսակվեց հաղթանակով։ Հոկտեմբերի 23-ին ԱՄՆ-ն, Անգլիան և Խորհրդային Միությունը ճանաչեցին Ֆրանսիայի ժամանակավոր կառավարությանը` գեներալ դը Գոլի գլխավորությամբ։
Որոշ ժամանակ անց Խորհրդային զորքերին հաջողվեց ազատագրել ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքը և պատերազմը տեղափոխել ֆաշիստական զորքերի կողմից գրավված տարածքներ։ Խորհրդային զորքերի գործողությունները ղեկավարում էին զորահրամանատարներ Գ. Ժուկովը, Ա. Վասիլևսկին, Ի. Կոնևը, Կ. Ռոստովսկին, Հ. Բաղրամյանը և ուրիշներ։
Գերմանիայի հետ հարաբերությունները խզեցին ու պատերազմից դուրս եկան Ռումինիան, Բուլղարիան ու Հունգարիան։ Տեղաշարժեր նկատվեցին նաև Խաղաղօվկիանոսյան ճակատում։ 1944 թ. հոկտեմբերին ամերիկյան զորքերը սկսեցին Ֆիլիպինների ազատագրումը ճապոնացիներից։
Յալթայի կոնֆերանսը

Յալթայի խորհրդաժողովը

1945թ. սկզբներին ակնառու դարձավ, որ Գերմանիայի պարտությունը մոտակա ամիսների հարց է։ Ստեղծված իրադրությունն անհրաժեշտ դարձրեց հակահիտլերյան կոալիցիայի առաջատար երեք պետությունների` ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Անգլիայի ղեկավարների հանդիպումը։ Այն կայացավ 1945թ. փետրվարի 4-11-ը Ղրիմում` Յալթայում։ Խորհրդաժողովին մասնակցում էին ԱՄՆ-ի նախագահ Ֆ. Ռուզվելտը, ԽՍՀՄ-ի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ի. Ստալինը և Անգլիայի վարչապետ Ու. Չերչիլը։
Դաշնակից երեք պետությունների ղեկավարները պայմանավորվեցին շարունակել համաձայնեցված գործողությունները և հիտլերյան Գերմանիային միաժամանակ հարված հասցնել արևելքից, արևմուտքից, հյուսիսից և հարավից։ Կողմերը համաձայնվեցին, որ իրենք պատերազմը կդադարեցնեն միայն Գերմանիայի անվերապահորեն կապիտուլյացիայից հետո։
Որոշում ընդունվեց նաև Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ) ստեղծելու վերաբերյալ։ Այդ նպատակով հանձնարարվեց 1945թ. ապրիլի 25-ին Սան Ֆրանցիսկոյում գումարել հիմնադիր ժողով։

Գերմանիայի անձնատուր լինելը

Շարունակելով զարգացնել ռազմական հաջողությունները` դաշնակիցներն արևելքից և արևմուտքից շարժվում էին դեպի Գերմանիա։ Մեկը մյուսի հետևից ազատագրվեցին ֆաշիստական լծի տակ գտնվող եվրոպական պետությունները։ Խորհրդային զորքերը ընդհուպ մոտեցան Բեռլինին։
1945թ. ապրիլի 16-ին սկսվեց Բեռլինի գրոհը։ Այն ծանր և համառ պայքար էր։ Հիտլերյան Գերմանիան վերջին ջանքերն էր գործադրում փրկվելու համար։ Ապրիլի 25-ին Էլբայի ափերին հանդիպեցին խորհրդային և ամերիկյան զորամիավորումները։ Իսկ մարտերը դեռ շարունակվում էին Բեռլինի փողոցներում։ Ապրիլի 30-ին պարզ դարձավ, որ Հիտլերը ինքնասպանություն է գործել։ Երկու օր անց Բեռլինը հանձնվեց։ Մայիսի 8-ից 9-ի գիշերը ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը։
Խորհրդային կառավարության որոշմամբ` մայիսի 9-ը ԽՍՀՄ-ում հայտարարվեց տոն` Մեծ հաղթանակի օր։
Պատերազմը Եվրոպայում ավարտվեց։

Ճապոնիայի պարտությունը

Իտալիայի և Գերմանիայի պարտությունից հետո հերթը հասավ Ճապոնիային։ 1945թ. օգոստոսի 6-ի առավոտյան ամերիկյան ռմբակոծիչները, մարդկության պատմության մեջ առաջին անգամ ատոմային ռումբ նետեցին Հերոսիմա, իսկ օգոստոսի 9-ին` Նագասակի քաղաքների վրա` մոխրի ու ավերակների կույտի վերածելով դրանք։ 1945թ. օգոստոսի 8-ին Խորհրդային կառավարությունը հանդես եկավ հայտարությամբ, որտեղ նշվում էր, որ ԽՍՀՄ-ն օգոստոսի 9-ից իրեն համարում է պատերազմի մեջ ընդդեմ Ճապոնիայի։
Խորհրդային զորքերն անցան հարձակման Հեռավոր Արևելքում կենտրոնացված մեկ միլիոնանոց Կվանտունյան բանակի դեմ։ Դաշնակիցների ռազմական գործողությունները թե՛ ցամաքում և թե՛ ծովում ընթանում էին հաջողությամբ։
Ճապոնիան 1945թ. սեպտեմբերի 2-ին անձնատուր եղավ։ Դրանով Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց։

Պատերազմի հետևանքները

Երկրորդ համաշխարհային պատերազմը շատ ծանր հարված հասցրեց մարդկությանը։ Պատերազմի մեջ էին ներքաշվել 61 երկրներ` 1.7 մլրդ բնակչությամբ, որոնց ռազմական ուժերում աշխատում էր 110 մլն մարդ։ Պատերազմական գործողություններն ընթանում էին մոտ 22 մլն քառ. կմ տարածքի վրա։ Վեց տարի տևած պատերազմի ընթացքում զոհվեց ավելի քան 50 մլն և հաշմանդամ դարձավ 95 մլն մարդ[18]։ Վիթխարի էին նաև նյութական կորուստները։ Պատերազմից հետո, 1945-1946թթ. Նյուրնբերգում կայացած դատավարությունը մահվան դատապարտեց հիտլերյան հանցագործներին։

No comments:

Post a Comment