SASUN TOSUNYAN`S BLOG

Friday, December 13, 2013

Ռ. Բեքվիթին ու նրա վերջին ցանկությունը...


Սա մի հուզիչ պատմություն է, որ ժամանակին ցնցեց աշխարհը, և միգուցե շատերին է հայտնի, սակայն արժե կրկին վերհիշել փոքրիկ Ռեյչել Բեքվիթին ու նրա վերջին ցանկությունը, որով ոգեշնչվեցին հազարավոր մարդիկ բարեգործություն անելու համար: Իր ծննդյան ինն ամյակի կապակցությամբ նա իր հարազատներից ու ընկերներից ոչ թե նվերներ, խաղալիքներ կամ հագուստ էր ցանկացել, այլ խնդրել էր, որպեսզի նրանք համապատասխան գումարը փոխանցեն Charity Water բարեգործական հիմնադրամին, որ օգնում է թույլ զարգացած երկրների մարդկանց ապահովել մաքուր խմելու ջրով: Նա երազում էր հավաքել 300 դոլլար, ինչը բավարար էր փրկելու 15 մարդու կյանք: Բարեգործական հաշվեհամարի էջի վրա նա գրել էր հետևյալը. «2011 թ.-ի հունիսի 12-ին ես կդառնամ 9 տարեկան: Ես իմացել եմ, որ միլլիոնավոր մարդիկ մահանում են` չբոլորելով նույնիսկ իրենց ծննդյան հինգերորդ օրը: Ինչո՞ւ, որովհետև զրկված են մաքուր խմելու ջրից: Խնդրում եմ բոլոր ինձ ճանաչողներին այն գումարը, որ նախատեսել եք իմ նվերի համար, նվիրաբերեք բարեգործության համար»: Նա երազում էր հավաքել 300 դոլլար, բայց ընդհանուր գումարը կազմեց միայն 200 դոլլար, ինչը տխրեցրեց աղջնակին: Բայց նա հույս ուներ, որ հաջորդ ծննդյան տոնին կլրացնի անհրաժեշտ պակասը՝ չիմանալով, թե ճակատագիրն ինչ դաժան անակնկալ էր պատրաստել իր համար և, որ նրան վիճակված չէ տոնելու մյուս ծննդյան տոնը: Նա դարձավ խոշոր ավտովթարի զոհ, որից տուժեցին շատ մարդիկ, բայց, ցավոք, մահացավ միայն նա: Փոքրիկ Ռեյչելի մահվան բոթի հետ մեկտեղ տարածվեց նաև նրա վերջին ցանկության պատմությունը: Միլիոնավոր մարդիկ ձեռնամուխ եղան իրականացնելու աղջկա երազանքը և շարունակեցին գումար փոխանցել բարեգործական ծրագրին՝ դարձնելով այն ամենամասշտաբայինը Charity Water-ի պատմության մեջ: Կարճ ժամանակահատվածում հավաքվեց շուրջ 1 միլիոն դոլլար, որը բավականացրեց փրկելու 600 000 մարդկային կյանք:

No comments:

Post a Comment