SASUN TOSUNYAN`S BLOG

Saturday, November 23, 2013

Մարդիկ մի տեսակ շտապում են ապրել: Հ. Խառատյան


Առավոտյան լուր ստացա՝ լավ ծանոթիս հայրն է մահացել: Շատ ցավալի մահ: Առավոտյան լուրերը կարդալիս տեղեկացա Մյասնիկյանի պողոտայի ավտովթարի զոհերի՝ մահացած դերասանի և վիրավորված երիտասարդ աղջկա մասին: Հետո հանկարծ «արթնացա»՝ երեկվանից մահվան բոթեր են: Մեկը մյուսից ահավոր: Մեկ ավտովթարից մահացել են երկու երիտասարդ մարդ, ծանր վիրահատություն է տարել մեկը, ևս երեքը հիվանդանոցում են: Աղջիկը՝ կոմայի մեջ: Քանիսի մասին էլ տեղեկություն չունենք: Բացի այն, որ յուրաքանչյուրի մահը մի ամբողջ աշխարհի մահ է, յուրաքանչյուր մարող մահ մի մարող աշխարհ է, յուրաքանչյուրի մահը նաև նրանց սիրող մարդկանց ապրող կյանքերի աղճատում է, վիշտ, կսկիծ, մեղքի զգացում, տառապանք նրանց չապրած տարիների համար, նրանց մահը նաև մեր երկրի աղքատացումն է, մեր հասարակության ուժերի ջլատումը, մեր երկրի աշխարհների նվազումը… Ավտովթարները դարձել են մեր քաղաքացիներին լափող հրեշներ… Եվ սա սիմպտոմատիկ է: Մի կողմից «շտապող կյանքի» անխոհեմությունն է, մյուս կողմից՝ մարդն ավելի ու ավելի ագրեսիվ է դառնում, երրորդ կողմից՝ տեխնիկան դադարել է վտանգի զգացում հարուցել, ավելացել է չարդարացված ինքնավստահությունը և այլն… Բայց, չգիտես ինչու, ինձ չի լքում այն զգացումը, որ այս ամենի մեջ ամենակարևորը կյանքի կարևորության զգացման նվազումն է: Մարդիկ մի տեսակ շտապում են ապրել – վերջացնել իրենց բաժին ընկած կյանքը: Դանդաղ ապրելու հնարավորություն, ժամանակ ու ճաշակ չի մնացել: Մահն էժանացել է… Այսպես է լինում մեծ հիասթափությունների, մեծ նվաստացումների ու սպառնալի դաժանությունների դեպքում… Ափսոս, հազար ափսոս չապրվելիք տարիների համար, որոնք, գուցե, մեր բոլորիս կորուստն են, ցավ՝ կենդանի կյանքից թերևս անէություն անցնելու համար, ապրողաց՝ մխիթարություն: Եվ այսպես համարյա ամեն օր: Հրանուշ Խառատյան

Դաստիարակված մարդու ութ որակ. Անտոն Չեխով


Ռուս դասական գրող Անտոն Չեխովը շուրջ 100 տարի առաջ նամակ է գրում եղբորը՝ Նիկոլային՝ փորձելով խրատել վերջինիս: Նիկոլայը տաղանդավոր նկարիչ էր, սակայն թույլ բնավորության տեր մարդ. չէր օգտագործում իր տաղանդն ու ամեն ժամանակ զբաղվում էր հարբեցողությամբ: Իմանալով եղբոր թույլ կողմերը՝ Չեխովը մշտապես անհանգստանում էր նրա համար՝ գրելով՝ «Ռուս հզոր մի տաղանդ է կործանվում, այն էլ ոչնչի համար: Նիկոլայ Պավլովիչի նման մարդիկ խղճահարություն են առաջացնում իրենց նկատմամբ՝ ապրելով նման կյանքով և սպանելով իրենց տաղանդները: Նրանք իրենց անարգված են զգում, կարծում են, թե իրենց ոչ ոք չի հասկանում»… Սեփական եղբոր փորձից ելնելով՝ Անտոն Չեխովը թվարկում է դաստիարակության ութ որակ. 1.Մարդիկ, ովքեր, գնահատում են մարդկային էությունը, ներողամիտ են, զիջող և բարեհամբույր այլ մարդկանց նկատմամբ, հատկապես իրենց մտերիմների և տան անդամների: Չնչին բանից մեծ խնդիր չեն ստեղծում: Չեն «հանդուրժում» կողքիններին, այլ սիրելով ներում են: 2. Մարդիկ, որոնց սիրտը ցավում է ոչ միայն աղքատների համար, այլ բոլոր մարդկանց համար անխտիր: 3. Ովքեր գնահատում են ուրիշի անձը: 4. Ովքեր մաքուր են սրտով և սարսափում են ստից, ինչպես կրակից: Շատ անգամ լռում են, չեն շատախոսում ու չեն բամբասում՝ ներխուժելով այլ մարդկանց կյանք: Շատ դեպքերում իրենց լուռ մնալը պայմանավորված է հարգանքով: 5. Ովքեր խղճահարություն առաջացնելու հակում չունեն այլ մարդկանց մոտ՝ իրենց կարեկցելու և օգնելու նպատակով: Երբեք չես տեսնի նրանց ասելիս, որ ոչ ոք իրենց չի հասկանում: 6. Ովքեր ունայնամիտ չեն, երբեք չեն ձգտում ծանոթություններ հաստատել մեծ հռչակ վայելող անհատների հետ: 7. Եթե ունեն տաղանդ, ապա գնահատում և օգտագործում են այն՝ անբանության փոխարեն: 8. Մարդիկ, ովքեր իրենց մեջ դաստիարակում են գեղագիտական ճաշակ: Այսպիսով, Չեխովն ամփոփել է այս որակները՝ գտնելով, որ ինքնադաստիարակման գործընթացը պահանջում է հարատև և քրտնաջան աշխատանք:

Sunday, November 17, 2013

"Տիտանիկը" Անգլիայի հպարտությունն էր


"Տիտանիկը" Անգլիայի հպարտությունն էր։ Ամենուրեք գովազդվում էին նրա մեծությունն ու ամրությունը: "Տիտանիկի" նավապետ Սմիթն ասել էր, որ նույնիսկ Աստված չի կարող այդ նավը խորտակել։ Վերջապես Անգլիայի հպարտությունը դուրս եկավ նավարկության։ Ուղեւորությունը հրաշալի էր, մարդիկ ցնծում էին։ Չորրորդ օրը` 19:30-ին, նավապետը հաղորդագրություն ստացավ, որ առջեւում վիթխարի սառցաբեկորներ կան, սակայն ոչինչ չձեռնարկեց` համոզված լինելով, որ իրենց վտանգ չի սպառնում, քանի որ շատ մեծ ու պաշտպանված են: Աստվածաշնչում գրված է, որ կործանումից առաջ մարդու սիրտը հպարտանում է։ Ժամը 22:30-ին աստղերը փայլում էին երկնքում, նավի մեջ հաճելի երաժշտություն էր հնչում, եւ ուղեւորներից յուրաքանչյուրը զբաղված էր իր գործով: Եվ հանկարծ մի հարված զգացին. նավը ինչ-որ բանի բախվեց: Մարդիկ անմիջապես սթափվեցին, երաժշտությունը դադարեց: Սակայն անհանգստությունը մի քանի րոպե տեւեց, որից հետո խաղաղության ու անհոգության մթնոլորտը վերականգնվեց, քանի որ բոլորը համոզված էին, որ ոչ մի վատ բան չի պատահի. նավը շատ մեծ ու պաշտպանված էր: Մասնագետների կարծիքով` եթե այդ պահին նրանք մտածեին փրկության մասին, անշուշտ, կփրկվեին։ Ժամը 2:20-ին նավն ամբողջությամբ խորտակված էր: Տիտանիկը խորտակումը տեղի է ունեցել 1912թ-ի ապրիլի 15-ին, ինչի արդյունքում մահացավ 1522 մարդ: Այսօր շատերը կարծում են, թե իրենք մեծ ու պաշտպանված են եւ երբեք չեն "խորտակվի": Սակայն որքան էլ պաշտպանված լինես, ոչինչ չես կարող անել, երբ մահը վրա հասնի: Ո՞վ կարող է քեզ փրկել սրտի կաթվածից կամ հանկարծամահությունից: Սիրելինե՛ր, ոչ ոք այնքան մեծ չէ, որ իրեն պաշտպանի մահից: Ով էլ լինես, եթե չունես Աստծո պաշտպանությունը, "կխորտակվես": Ա.Սիմոնյան

Wednesday, November 13, 2013

Շնորհավո՛ր Բարության միջազգային օրը: Այսօր աշխարհը բարի մարդկանց կարիք ունի


Բարությու´ն արա, մա´րդ, հնարավորինս ձգտիր բարի՛ լինել: Չար լինելու ու վատ բաներ անելու համար ձգտում պետք չէ, այն մարդու էության մեջ է: Դե´մ կանգնիր այդ ամենին ու ձգտիր բարության: Այսօր աշխարհը բարի մարդկանց կարիք ունի, մարդիկ, ովքեր ինչ-որ բան անելիս չեն փնտրի իրենց անունը, դիրքը, հեղինակությունը, արարքներ, որ դրդված չեն լինի շահամոլությունից ու անձնասիրությունից, խոսքեր, որ կլինեն անկեղծ սրտից ու առանց հետին մտքերի… Այսօր, երբ կզբոսնես քաղաքում, նայիր շուրջդ, որքա՜ն մարդիկ կարիք ունեն բարության ու անկեղծ օգնության: Օգնելով մի ծերունու փողոց անցնել` գուցե նրանից հեռացնես անտեսված լինելու զգացումը, ինչ-որ մեկի ծանր տոպրակը վերցնելով՝ գուցե հեռացնես նրա միայնության զգացումը, հարևանիդ ժպիտով բարևելով՝ գուցե կոտրես նրա հոգու թախիծը, գուցե ինչ-որ մեկից նեղացել ես կամ ինքդ նեղվել. լավ առիթ է՝ գրի՛ր, զանգահարի՛ր, այցելի՛ր… Այսօր այնքա՜ն բան կարող ենք անել միմյանց համար… Բարությու´ն արա, մա´րդ, չէ որ դու Աստծո ստեղծագործությունն ես, իսկ նրա ստեղծագործությունը բարի է… Շնորհավո՛ր Բարության միջազգային օրը:

Monday, November 11, 2013

1918 թվականի այս օրը /նոյեմբերի 11-ին / ավարտվեց Առաջին աշխարհամարտը:


Նոյեմբերի 11-ին զենքը վայր դրեց Գերմանիան (Կոմպիենի զինադադար 1918): Առաջին համաշխարհային պատերազմը տևեց 4 տարի 3 ամիս և 10 օր: Սպանվածների և վերքերից մահացածների թիվը կազմեց 10 մլն. մարդ, վիրավորների և հաշմանդամների թիվը՝ 20 մլն.: Համաճարակից և սովից մահացավ 10 մլն. մարդ: Առաջին համաշխարհային պատերազմի մեծագույն արհավիրք եղավ հայ ժողովրդի համար: Պատերազմող կողմերի ուղղակի ռազմական ծախսերը կազմեցին ավելի քան 200 մլրդ. դոլար: 1919-ի հունիսի 28-ին Վերսալում հաշտություն կնքվեց Գերմանիայի (Վերսալի հաշտության պայմանագիր), սեպտ. 10-ին՝ Սեն-Ժերմենում Ավստրո-Հունգարիայի հետ: Գերմանիան և Ավստրո-Հունգարիան կորցնելով գաղութներն ու զգալի տերիտորիաներ, դադարեցին մեծ տերություններ լինելուց: Այնուհետև տարբեր ժամանակներում հաշտության պայմանագրեր կնքվեցին նաև պատերազմի մյուս մասնակիցների հետ: Ավստրո-հունգարիայի նախկին տերիտորիայի վրա ստեղծվեցին Չեխոսլովակիան, Հունգարիան, Ավստրիան: Սերբիան միավորվելով Չեռնոգորիայի և Ավստրո-Հունգարիայի նախկին հարավսլավական նահանգների հետ, կազմեց Հարավսլավիայի Թագավորությունը: Սևրի պայմանագրով Օսմանյան կայսրությունը զրկվում էր իր տիրապետություններից Միջագետքում, արաբական աշխարհում և մասամբ՝ Արևմտյան Հայաստանում: ԱՍՆ, Անգլիան և Ֆրանսիան, Գերմանիային զրկելով գաղութներից ու ռազմածովային նավատորմից, պահպանեցին նրա ցամաքային զորքերը Ռուսաստանի դեմ ապազա զործողությունների համար: Անգլիան գավթեց գերմանական գաղութները Արևելյան և Հարավ-Արևմտյան Աֆրիկայում, Ֆրանսիան ետ ստացավ էլզասն ու Լոթարինգիան: Նրան անցավ Կամերունի մեծ մասի, Տոգոյի կեսի մանդատը: Ամերիկյան իմպերիալիստները վիթխարի շահույթներ ստացան ռազմական մատակարարումներից, ուժեղացին համաշխարհային տիրաաետության հասնելու իրենց ձգտումները: Վերսալյան սիստեմը, որն ուղղված էր Խորհրդային Ռուսաստանի դեմ, չվերացրեց, այլ ուժեղացրեց արևմտյան պետությունների հակասությունները և հող նախապատրաստեց երկրորդ համաշխարհային պատերազմի համար: Ս.Թոսունյան

Sunday, November 10, 2013

Այսօր Մարտին Լյութերի ծննդյան օրն է


Նա ամենասիրելի և կենդանի հեղափոխիչն է Երկիր մոլորակի վրա` բողոքականության հայրը: Բողոքականություն լատիներենից «protestans» թարգմանաբար նշանակում է «հանրության առջև ապացուցող»: Կաթոլիկության և ուղղափառության հետ միասին Քրիստոնեության երեք գլխավոր ճյուղերից մեկն է։ Հակակաթոլիկ շարժման հետևանքով `16-րդ դարում եվրոպական մի շարք երկրներում՝ Գերմանիայում, Անգլիայում, Ֆրանսիայում,
Շվեյցարիայում, Հոլանդիայում սկիզբ առավ կրոնական հզոր մի շարժում, որը հայտնի է «Ռեֆորմացիա» («բարենորոգություն») անվամբ: Դա կրոնական հեղափոխություն էր, որն առաջին հերթին ուղղված էր Հռոմի կաթոլիկ եկեղեցու դեմ : Բողոքականությունն ունի երկու` պահպանողական և լիբերալ ճյուղեր։ Ներկայումս 2.1 միլիարդ քրիստոնյայից մոտ 800 միլիոնը բողոքական է: Ռեֆորմացիայի գաղափարախոսությունը մշակեցին կրոնական գործիչներ, աստվածաբաններ Մարտին Լյութերը (1483-1546) և Ժան Կալվինը (1509-1564): «Կարևոր չէ` որտեղ եք դուք ծնվել, դուք բոլորդ էլ այստեղից եք` Երկրից»: Մարտին Լյութեր Մարտին Լյութերը ծնվել է 1483 թվականին նոյեմբերի 10-ին Գերմանիայում: Գերմանացի աստվածաբան վանական և եկեղեցու բարեփոխիչը հիմնադրել է հզոր շարժում,որն, ըստ էության, սկզբնական իրական քրիստոնեությունն իր ակունքներին վերադարձնելու քայլ էր ,ոչ այլ բան. արդարանում է քրիստոնյան միայն հավատքով վարդապոտությունն է ու այդ հայտնության ընկալում։ Լյութերն իրեն բարեփոխող չէր համարում, նվիրվել է հոգևոր կյանքին 22 տարեկանից՝ սրտանց փնտրելով Տիրոջը: Սակայն մենաստանում անցկացրած տարիները բավական չէին նրան լավ հոգևոր հիմքեր ստանալու և նա մեկնում է Հռոմ: Վերադառնալով հայրենիք, նա շարունակում է իր հոգևոր ուսումը: 29 տարեկանում դառնալով աստվածաբանության դոկտոր նա սկսում է իր հեղափոխիչ գործունեությունը:Նա առաջինն էր, ով Աստվածաշունչը թարգմանեց գերմաներեն լեզվով՝ այն հասանելի դարձնելով բոլորին: Այդ թարգմանչական աշխատանքը նրանից խլեց 12 տարի: Լյութերը պնդում էր, որ Սուրբ գիրքը հանրության գիրք է և այն պիտի կարդան բոլորը։ Մարտին Լյութեր Մինչ այսօր ազդեցիկ է նրա «Ես երազանք ունեմ» ելույթը,այն աստիճան ,որ մեր օրերրում ելույթի 50-ամյակը նշում է քրիստոնյա հասարակությունը: Նրա 10 կարևորագույն դասերը հիշվում և կիրառվում են մինչ այսօր: Երկիր մոլորակում բնակվող ամեն մի քրիստոնյային վերաբերում է այս ռեֆորմացիոն շարժումը,որի սկսման առիթ հանդիսացավ Գերմանիայում ինդուլգենցիաների (մեղքերի թողության մասին վկայագրեր, որոնք տրվում էին փողի կամ եկեղեցու համար հատուկ ծառայությունների դիմաց) վաճառքը: Լյութերը, ով Էրֆուրտի համալսարանն ավարտելուց հետո դարձել էր վանական, Վիտենբերգի եկեղեցու դռներին փակցնում է կաթոլիկ եկեղեցու դեմ ուղղված 95 թեզիսներ, որոնք հետագայում ընկան քրիստոնեական ուսմունքի նոր մեկնաբանության՝ բողոքական վարդապետության հիմքում: Կաթոլիկ եկեղեցին շուտով Լյութերին բանադրանքի ենթարկեց, սակայն վճռականորեն տրամադրված գերմանացի աստվածաբանը ոչ միայն հրաժարվեց ներկայանալ Վատիկան, այլև հրապարակավ վառեց իր բանադրանքի վերաբերյալ պապական Թուղթը: Ըստ Լյութերի իր քարոզչական գործունեության իմաստը ոչ թե ուղղակի աստվածաշնչյան տեքստերի փոխանցման մեջ է, այլև ճշմարտության հաղորդման, որը լսողի մոտ առաջացնում է ոչ միայն ապաշխարության ցանկություն, այլև որոշ պարտավորությունների ընդունում Աստծո առջև:

Friday, November 8, 2013

Ալբերտ Էյնշտեյն


Համալսարանում պրոֆեսորն իր ուսանողներին հարցրեց. - Այն ամենը, ինչ գոյություն ունի, Աստվա՞ծ է ստեղծել: - Այո՛, Աստված է ստեղծել,- համարձակորեն պատասխանեց ուսանողներից մեկը: - Աստվա՞ծ է ստեղծել ամեն ինչ,- նորից հարցրեց պրեֆեսորը: - Այո՛, պարո՛ն,- պատասխանեց ուսանողը: - Եթե Աստված է ստեղծել ամեն ինչ, նշանակում է` Աստված ստեղծել է նաև չարը: Եվ համաձայն այն սկզբունքի, որ մեր գործերը բնութագրում են մեզ, կարող ենք ասել, որ Աստված չար է,- ասաց պրոֆեսորը:. Այսպիսի պատասխան լսելուց հետո ուսանողը լռեց: Պրոֆեսորն իրենից շատ գոհ էր:Նա հերթական անգամ կարողացավ ապացուցել, որ Աստծո հանդեպ հավատքն առասպել է: Այդ պահին ուսանողներից մեկը ձեռք բարձրացրեց և ասաց. -Պարո՛ն պրոֆեսոր, կարո՞ղ եմ Ձեզ մի հարց տալ: -Իհա՛րկե, կարող եք,- եղավ պատասխանը: ՈՒսանողը հարցրեց. - Պարո՛ն պրոֆեսոր, ցուրտը գոյություն ունի՞: - Դա ի՞նչ հարց է: Իհա ՛րկե, գոյություն ունի: Մի՞թե դու երբեք չես մրսել: ՈՒսանողները սկսեցին ծիծաղել երիտասարդի հարցի վրա, իսկ երիտասարդը հանգիստ պատասխանեց. -Իրականում, պարո՛ն, ցուրտ գոյություն չունի: Ըստ ֆիզիկայի օրենքների` այն, ինչ մենք ցուրտ ենք համարում, ջերմության բացակայությունն է: Բացարձակ զրոն իրենից ներկայացնում է ջերմության լիովին բացակայություն: Այդ ջերմաստիճանում ամբողջ նյութական աշխարհը դառնում է չեզոք և արձագանքելու անընդունակ: Ցուրտը գոյություն չունի: Այդ բառը մենք ենք հորինել, որպեսզի կարողանանք նկարագրել, թե ինչ ենք զգում ջերմության բացակայության ժամանակ: Երիտասարդը շարունակեց. - Պարո՛ն պրոֆեսոր, իսկ խավարը գոյություն ունի՞: -Դե՛, իհարկե, գոյություն ունի: -Դուք դարձյալ ճիշտ չեք, պարոն: Խավարը գոյություն չունի: Խավարն իրականում լույսի բացակայությունն է: Մենք կարող ենք ուսումնասիրել լույսը, բայց խավարը` երբեք: Կարող ենք սպիտակ լույսը տարբեր գույների բաժանել և ուսումնասիրել յուրաքանչյուր գույնի ալիքների երկարությունը: Մինչդեռ խավարը երբեք չենք կարող չափել: Լուսի մի հասարակ շողը կարող է ճեղքել խավարի աշխարհը և լուսավորել այն: Ինչպես կարող եք իմանալ, թե տվյալ տարածությունը որքանով է խավար: Շատ պարզ. չափելով, թե այնտեղ որքան լույս կա: Այնպես չէ՞: Խավարը մի հասկացություն է, որը մարդիկ օգտագործում են` նկարագրելու համար, թե ինչ է կատարվում լույսի բացակայության դեպքում: Ի վերջո` երիտասարդը հարցրեց պրոֆեսորին. -Այժմ, ասացե ՛ք խնդրեմ, պարո ՛ն, չարը գոյությումն ունի՞: Այս անգամ պրոֆեսորն անվստահորեն պատասխանեց. -Այո՛, քիչ առաջ ես արդեն խոսեցի դրա մասին: Միմյանց նկատմամբ մարդկանց դաժանությունը, ողջ աշխարհում տարածված բազմաթիվ հանցագործություններն ու բռնությունը` այս ամենը չարի դրսևորումներն են: ՈՒսանողը նորից առարկեց նրան. -Չարը, որպես այդպիսին, գոյություն չունի, պարո՛ն: Չարն ընդամենը Աստծո բացակայությունն է: Դա մի խոսք է, որը ստեղծել է մարդը` Աստծո բացակայությունը նկարագրելու համար: Աստված չի ստեղծել չարը: Դա հավատքի կամ սիրո նման չէ, որոնք գոյություն ունեն իրականում, ոչ էլ` լույսի կամ ջերմության: Չարը մարդու սրտում աստվածային սիրո բացակայության արդյունքն է: Դա նման է ցրտին, որը գալիս է, երբ ջերմությունը բացակայում է, կամ էլ` խավարին, որը տիրում է լույսի բացակայության ժամանակ: Պրոֆեսորին շփոթության մեջ գցող ուսանողի անունը Ալբերտ Էյնշտեյն էր:

Մարդու նկատմամբ մարդ եղե՛ք, մարդի՛կ.. Նապոլեոն Բոնապարտ


… Մի անգամ Նապոլեոն Բոնապարտը պահակախմբի ստուգման ընթացքում քնած զինվորի է նկատում իր հերթապահությանը: Ռազմական կանոնադրության և օրենքների համաձայն՝ հերթապահը պետք է դատարանի առջև կանգներ, այնուհետ մահապատժի ենթարկվեր, քանզի չէր կարող ներում ստանալ այն զինվորը, ով անամոթաբար քնել էր հերթապահության ընթացքում՝ վտանգելով իր ընկերների կյանքը:Սակայն զարմանալի մի բան է տեղի ունենում: Նապոլեոնն անսպասելի որոշում է կայացնում. բարձրացնելով քնած զինվորի զենքը՝ այն իր ուսին է գցում և զբաղեցնում նրա տեղը: Որոշ ժամանակ անց գալիս է փոխարինող սերժանտը: Տեսնելով քնած զինակցին, այնուհետ կայսրին՝ կանգնած հերթապահության՝ զարմանքից քար է կտրում… Ասում են՝ այս դեպքից հետո, որի մասին իմանում է ողջ զինվորական կազմը, բացառիկ քաջությամբ և արիությամբ կանգնում է կայսեր կողքին՝ պատրաստ դուրս գալու յուրաքանչյուր մարտի և մեռնելու նրա համար:

Sunday, November 3, 2013

Մարդկային հասարակության զարգացման հիմնախնդիրները 21-րդ դարում. Մոդերնիզացված ժամանակներ (Ս.Թոսունյան)


 Արդի ժամանակներում մարդկությունն անցել է նոր դարաշրջանի սահմանագիծը և մտել զարգացման նոր փուլ, դրա մասին է վկայում գիտատեխնիկական առաջընթացի նոր շրջանի սկիզբը, որը հայտնի է ինֆորմացիոն հեռահաղորդակցություն անունով:
 Սկսվել է համաշխարհային պատմության գլոբալացման փուլը: Գլոբալացումը ժամանակակից աշխարհի կյանքի հիմնական կողմերի միօրինակ չափանիշների հաստատում, միասնական դաշտի ստեղծումն է: Դա համաշխարհային ինտեգրացման նոր տեսակ և աստիճան է, որ ներառում է առանց բացառության բոլոր ազգերը և երկրները: Նախորդ ոչ մի քաղաքակրթություն չի տեսել կյանքի տարբեր բնագավառներում կազմակերպման միատեսակ ձև, որը կա ներկայիս աշխարհում, խոսքը` քաղաքական և տնտեսական կյանքում այսօրվա հասարակության որդեգրած շուկայական տնտեսության և քաղաքական ժողովրդավարության մասին է: Աննախադեպ ընդլայնվել և խորացել է միջազգային տնտեսական և քաղաքական ինտեգրացիան: Ներկայումս ձևավորվում է միօրինակ միջազգային իրավական օրենսդրական դաշտ: Ստեղծվել է համաշխարհային տեղեկատվական միասնական ինտերնետային-համակարգչային համակարգ, որը և ներթափանցել է կյանքի բոլոր ոլորտները: Արևմտյան քաղաքակրթության նշանները այսօր տարածվում են ամենուր, դա վերաբերում է հագուստի ոճին, կինոյին, երաժշտությանը, համակարգչային միասնական լեզվին, գիտությանը և այլն: Ինֆորմացիոն հեռահաղորդակցության միջոցների զարգացման շնորհիվ այժմ հնարավոր է դարձել վայրկյանների ընթացքում կապ ստեղծել երկրագնդի ցանկացած կետի հետ, որի շնորհիվ մարդը, միաժամանակ կարող է ներկա լինել, և մասնակցել աշխարհի տարբեր վայրերում ընթացող իրադարձուրյուններին` չբացակայելով անգամ երկրից:
    Այսօր առաջացել են մի շարք գլոբալ խնդիրներ, որոնք շոշափում են համայն մարդկության շահերը: Դրանցից մեկը միջազգային ահաբեկչությունն է: Հանցավոր միջազգային բանդիտական խմբավորումների կազմավորումը, մարդկանց պատանդ վերցնելը, ինքնաթիռների առևանգումը, շենքերի պայթեցումները, պատվիրված սպանությունները և այլն լուրջ սպառնալիք են ազգային և միջազգային անվտանգությանը:
Ամենավտանգավոր գլոբալ մարտահրավերներից մեկը թմրամոլության անկասելի տարածումն է: Ամեն տարի թմրամոլների բանակն են համալրում միլիոնավոր դեռահասներ, պատանիներ և աղջիկներ, որոնք դատապարտված են մահվան: Նրանց դժբախտության վրա առասպելական շահույթներ են դիզում թմրադեղեր արտադրող ընդհատակյա զանազան ուժեր, կազմակերպություններ:
 21-րդ դարում մարդկության համար կարևորվում է շրջակա միջավայրի պահպանման հիմնախնդիրը: Բանն այն է, որ անպատժելիության և ազատության զգացումը մարդուն հռչակեցին բնության տերը, մոռանալով, որ մարդը բնության անբաժան մասն է: Անտեսելով վտանգը, մարդը սկսեց լայնորեն միջամտել բնական գործնթացներին, և այսամենը բումերանգի նման հակադարձեց մարդուն: Իրականում, այսօր մարդու նպատակը պետք է լինի ոչ թե անհարկի միջամտելը բնական գործնթացներին, այլ բնության օրենքներին խստորեն հետևելը: Հետևաբար, անհրաժեշտ է փոխել. <<մարդը բնության տերն է>> կարգախոսը, << մարդը բնության անբաժան մասնիկն է>>` կարգախոսով:
   2011թ-ի աշնանը երկրագնդի բնակչության թվաքանակը հատեց 7 միլիարդի սահմանը, այն դեպքում, երբ մոտ 1 դար առաջ աշխարհի բնակչությունը չեր անցնում 1,5 միլիարդի սահմանը: Այսօր, շուրջ 4-5 օրվա ընթացքում աշխարհի բնակչության աճն հավասար է 1 մլն մարդու, 1 օրվա ընթացքում աշխարհում ծնվում է ավելի քան 250 000 երեխա: Այժմ մեծացել է նաև կյանքի միջին տևողությունը: Եթե 1 դար առաջ կյանքի միջին տևողությունը 35-40 տարի էր, ապա այսօր` 75 տ: Առանձին երկրների գերբեռնվածության մասին է վկայում մարդկանց գաղթը, որը դարձել է համաշխարհային մասշտաբով կարևոր հիմնախնդիր: Այժմ միայն Եվրոպայում կան ավելի քան 20 մլն գաղթականներ: ՄԱԿ-ի հովանավորությամբ լույս տեսած <<Աճի տեմպերը>> գրքի համաձայն, առաջիկայում սպասվում է մեծ գաղթ, որը խթան կլինի նոր քաղաքական և սոցիալ-տնտեսական փոփոխությունների, որը առաջ կբերի զարգացած երկրների ժողովուրդների մոտ համապատասխան ռեակցիա, այն է` արձագանք, որն, իրականում, ոչ այլ ինչ է, եթե ոչ հիվանդագին ազգայնամոլություն կամ պահպանողական ռասսիզմ, որի մասին է վկայում, ներկայումս Եվրոպական երկրներում ազգայնական և ռասիստական կարգախոսներով հանդես եկող արմատական ուժերի ունեցած հաջողությունները :
    

Friday, November 1, 2013

իրականում սա կյանքն է, Նա քեզ տալիս է այն, ինչ դու ասում ու անում ես...


Մի անգամ հայր ու աղջիկ գնում են սարերը, ու աղջնակը բացականչում է. -Աաաաա՜... ՈՒ լսում է պատասխանը. -Աաաաա՜... Աղջնակը զարմացած հարցնում է. -Ո՞վ ես դու: Ու լսում է պատասխանը. -Ո՞վ ես դու: Զայրացած այդ պատասխանից՝ աղջնակը բղավում է. -Վախկո՛տ: Ու էլի հնչում է պատասխանը. -Վախկո՛տ: Աղջնակը հարցնում է հորը, թե ինչ է այստեղ կատարվում ու հայրը պատասխանում է. -Հիմա ուշադիր ինձ լսիր... Հայրը բղավում է. -Ես քեզ հարգում եմ: ՈՒ լսվում է պատասխանը. -Ես քեզ հարգում եմ: -Դու ամենալավն ես: -Դու ամենալավն ես: ՈՒ հայրը սկսեց բացատրել. -Այս երևույթը կոչվում է արձագանք, իսկ իրականում սա կյանքն է: Նա քեզ տալիս է այն,ինչ դու ասում ու անում ես...

"Ով է երջանիկ մարդը..


Հավանաբար լսել եք այն առակը, որ մի երեխա գալիս է մի ծերունու մոտ և հարցնում. "Ով է երջանիկ մարդը. միգուցե նա, ով հարուստ է": Ծերունին պատասխանում է. "Տե°ս, մի հարուստ մարդ է գալիս, բայց շատ տխուր է": Երեխան հարցնում է. "Այդ դեպքում` միգուցե նա, ով գեղեցիկ է": Ծերունին պատասխանում է. "Տե°ս այն գեղեցիկ աղջկան. նա լաց է լինում": Այդ ժամանակ երեխան հարցնում է. "Պապի°կ, այդ դեպքում ո՞վ է երջանիկ մարդը": Ծերունին ցույց է տալիս մի երեխայի, որ հեռվում նստած լաց էր լինում մի սատկած թռչունի համար, և ասում է. "Ահա° երջանիկ մարդը": Եթե դու կարողանում ես լաց լինել ինչ-մեկի համար, ուրեմն երջանիկ մարդ ես: Իսկ եթե ոչ մեկի ցավը չես նկատում և ոչ մեկի հանդեպ գթասրտություն չունես, չես կարող երջանիկ լինել: Շատ կարևոր է ուշադիր լինել, նկատել ուրիշի ցավը և նրա հանդեպ գթասրտություն ցուցաբերել: Նշանակություն չունի, թե ով է նա` քո հարազա՞տը, ծանո՞թը, թե՞ օտար մեկը:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱՑՈՒՄ /ՓՈՒԼԱԲԱԺԱՆՈՒՄ/


Համաշխարհային պատմագիտության մեջ ընդունված է պատմության այն փուլաբաժանումը, ըստ որի մարդկային հասարակության ողջ պատմությունն իր սկզբնավորման պահից մինչև մեր ապրած ժամանակները, բաժանում ենք 4 խոշոր փուլերի` դարաշրջանների. 1. Հին շրջան. /Մարդու ծագումից մինչև 5-րդ դարը`/476 թ. Արևմտա-հռոմեական կայսրության անկումը//: 2. Միջին դարեր. /5-17-րդ դդ.`Արևմտայան Հռոմեական կայսրության անկումից մինչև Անգլիական բուրժուական հեղափոխությունը/: 3. Նոր շրջան. / 17-20-րդ դդ.` Անգլիական հեղափոխությունից մինչև առաջին համաշխարհային պատերազմի ավարտը`1918 թ./: 4. Նորագույն շրջան. /1918թ.- 21-րդ դարի սկիզբ` առաջին աշխարհամարտի ավարտից մինչև մեր ապրած օրերը: Սակայն, հարկ է նշել, որ վերոհիշյալ փուլաբաժանմանը զուգընթաց, արդի պատմագիտության մեջ ընդունված է պատմության փուլաբաժանման ևս մեկ ընդունելի մոտեցում, ըստ որի համաշխարհային պատմությունը բաժանվում է 3 խոշոր փուլերի, այն է` 1. Մինչարդյունաբերական . / հին և միջին դարեր` մարդու ծագումից մինչև 17-րդ դ. անգլիական հեղափոխությունը/: 2. Արդյունաբերական ./ նոր դարեր`17-20 րդ դդ./: 3. Հետարդյունաբերական /20-րդ դ. կեսից մինչև մեր ապրած ժամանակ-ները: